Նորություններ
Լրահոս
Նոր Գեղիում կայացել է «Հայրենիքի գույներով» խորագիրը կրող գեղանկարչության մարզային երիտասարդական ցուցահանդես-փառատոն
27.01.2023
ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ հունվարի 28-ին ընդառաջ Նոր Գեղիի արվեստի դպրոցի հյուրընկալ հարկի տակ կայացել է «Հայրենիքի գույներով» խորագիրը կրող գեղանկարչության մարզային երիտասարդական ցուցահանդես-փառատոն' նվիրված հայոց բանակի կազմավորման 31- ամյակին։
Փառատոնին ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնյա-ներկայացուցիչներ տարբեր համայնքներից և պարզապես արվեստասերներ:
Կազմակերպիչները շնորհավորել են մասնակիցներին և փոխանցել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորանքը:
Նշենք, որ փառատոնին մասնակցության հնարավորություն են ունեցել մարզի լավագույն գեղանկարիչներից մի քանիսը, ովքեր ներկայացել են իրենց արվեստի ու ներկապնակի գույների հարստությամբ:
Մասնակիցներին Կոտայքի մարզպետի կողմից տրվել են պատվոգրեր, խրախուսական նվերներ և գրքույկներ, որտեղ զետեղված են փառատոնի մասնակից գեղանկարիչների աշխատանքները, փոքրիկ ակնարկ նրանց կենսագրության վերաբերյալ. գրքույկի նպատակն էր մեկտեղել լավագույնների աշխատանքները:
Ցուցահանդեսի նպատակն էր մարզի տարբեր համայնքների նկարիչներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ միմյանց հետ, կապեր հաստատել, իսկ մարզի արվեստասեր հասարկությանը` ճանաչել և գնահատել մեր կողքին ապրող տաղանդաշատ արվեստագետներին:
Ցուցահանդեսը բաց էր մինչև հունվարի 26-ը:
Միջոցառումն իրենց ելույթներով զարդարել են Նոր Գեղիի արվեստի դպրոցի դասատուներից կազմված անսամբլը: