Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
23.01.2023
Կոտայքի մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցություն:
Օրակարգում շարունակում են առաջնային լինել կառավարության սուբվենցիոն ծրագրերը:
Այս ուղղությամբ մարզպետը հանձնարարել է ակտիվ համագործակցել համայնքների հետ՝ հատկապես 2023 թվականի ծրագրային հայտերը ներկայացնելիս ուշադրություն դարձնել ծրագրի նպատակայնությանը, ինչպես նաև առաջարկել համայնքներին այնպիսի հայտեր դիտարկել, որոնք ուղղվելու են կարևոր ենթակառուցվածքների զարգացմանն ու առաջնային խնդիրների լուծմանը:
Քննարկվել են նաև համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի պլանավորման մեխանիզմները. մարզի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է գործընթացը մարզպետարանի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը՝ հանձնարարելով պարզել որոշ համայնքների կողմից ցածր պլանավորման պատճառները և այս ուղղությամբ անհատական աշխատանք տանել բոլոր համայնքների հետ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Առողջապահության ոլորտում ևս անելիքները շատ են: Ահարոն Սահակյանը հանձնարարել է գույքագրել մարզի մասնավոր առողջապահական կազմակերպությունների տվյալները, առկա խնդիրները, մասնավորապես, մեր քաղաքացիների կողմից հնչող ահազանգերը և նշված ոլորտն իր խնդիրներով պահել խոշորացույցի ներքո:
Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտին՝ մասնավորապես, վիրուսային իրավիճակով պայմանավորված դպրոց հաճախումներին, բացակայություններին: Ներկայացվել է, որ այս ուղղությամբ անհանգստացնող իրավիճակներ ներկա պահին չկան:
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի անելիքները, ինչպես նաև համայնքներում առկա և ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գրանցված անշարժ գույքի առկայությունը. այս ուղղությամբ մարզպետը հանձնարարել է առաջարկել համայնքներին գույքագրել առկա պետական անշարժ գույքը և ներկայացնել տեղեկատվություն:
Միաժամանակ հանձնարարվել է նաև պարզել մարզի ճանապարհամերձ հատվածներում իրականացվող հողահարթեցման աշխատանքների օրինականությունը: