Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
01.01.2023
Հարգելի' հայրենակիցներ, սիրելի' կոտայքցիներ, Եվս մեկ տարի մոտենում է իր ավարտին:
2022 թվականը մեր պետության համար շարունակեց ուղեկցվել փորձություններով, մարտահրավերներով, որոնք փորձեցինք և շարունակելու ենք հաղթահարել մեր ամենօրյա աշխատանքով, աշխատասիրությամբ ու Հայսատանի Հանրապետության հանդեպ մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ:
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ սպառնալիքներին զուգահեռ, չենք կարող չառանձնացնել ու չնշել այն բարեփոխումները, ծրագրերը, որոնք իրականացվել են անցնող տարում, և որոնք մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն էին ուղղված:
2022 թվականին պետական բյուջեով, կառավարության սուբվենցիոն ծրագրերով ու համայնքային միջոցներով մեր մարզում կյանքի ենք կոչել սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ մանկապարտեզների կառուցումից մինչև ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ, կարևոր ենթակառուցվածքների արդիականացում:
Բազմաթիվ ծրագրեր այս պահին էլ շարունակվում են:
Սիրելի' հայրենակիցներ,
Բնականաբար, 2023 թվականը դիմավորում ենք նոր սպասումներով, անսահման հավատով ու մեկ միասնական, անսասան ցանկությամբ, որպեսզի նոր տարին մեր երկրի համար լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ տարի:
Մեզ համար խաղաղությունը դարձել է օդ ու ջրի պես անհրաժեշտ, իսկ Հայաստանի Հանրապետությունը եղել և շարունակում է լինել ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍԵՐ, որի շուրջը պիտի համախմբվենք, միաբանվենք, որին պետք է հավատանք, փայփայենք, հանուն որի պիտի պայքարենք, ապրենք, արարենք ու մեր տքնաջան աշխատանքով հզորացնենք ու զարգացնենք անչափ ՋԵՐՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Սեր, խաղաղություն ձեր ընտանիքներին:
Խոնարհում հայրենիքի խաղաղության համար նահատակված մեր բոլոր հայորդիների հիշատակին և փառք այս պահին սահմանը հսկող զինծառայողներին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: