Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Մարզխորհրդի 2022 թվականի տարեվերջյան նիստը

28.12.2022

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2022 թվականի տարեվերջյան նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Նիստին ներկա էին մարզի համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, ով և հանդես է եկել օրակարգի առաջին կետով: Ամփոփելով ամառային զորակոչի արդյունքները՝ նա նշել է, որ այն գերակատարվել է 107 %-ով:

 Այս պահին ընթանում են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Արմեն Հարությունյանն անդրադարձել է հընթացս հանդիպող խնդիրներին, մասնավորապես նախնական զինվորական տեղեկանքների տրամադրման գործընթացներում երբեմն հանդիպող խախտումներին, որոնց առնչությամբ մարզպետ Ահարոն Սահակյանն առաջարկել է սերտ համագործակցություն համայնքների, ինչպես նաև համայնքային բուժամբուլատորիաների հետ՝ արագ արձագանքնելու հանդիպող խախտումներին և աջակցելու դրանց արագ վերացմանն ու խնդիրների լուծմանը:

 Անդրադարձ է կատարվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրին; Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է տեղերում ծրագրի վերաբերյալ հանրային լայն իրազեկում իրականացնել, որպեսզի ծառայության մեկնող զորակոչիկները կարողանան դիմել և օգտվել ծրագրի առավելություններից:
Ի դեպ, առաջիկայում ծրագրի վերաբերյալ մանրամասն իրազեկում կլինի նաև մարզպետարանի կողմից:

 Մարզխորհրդի նիստի օրակարգի 2-րդ կետի զեկույցով հանդես է եկել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հրաչ Վարդանյանը:
12.1 մլրդ. դրամ արժողությամբ 60 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 2022 թվականին, որոնցից շուրջ 32-ի աշխատանքներն ավարտված են, մնացածն ընթացքի մեջ են:

 Պետական բյուջեով այս տարի մեր մարզում հիմնանորոգվել և միջին նորոգում է ստացել հանրապետական, միջպետական, մարզային և ներհամայնքային շուրջ 57 կմ ճանապարհահատված:

 Ներկայացվել է նաև համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների ներկա պատկերը:

 Անդրադառնալով բարձրացված խնդրին՝ մարզպետ Ահարոն Սահակյանը առաջարկել է համայնքների ղեկավարներին լինել առավել հետևողական այս հարցին վերջնական լուծում տալու նպատակով:

 Մարզպետը նաև ուրախալի լուր է հայտնել համայնքների ղեկավարներին՝ նշելով, որ բոլոր այն ճանապարհաշինական ծրագրերը, որոնց հիմնանորոգման հարցով համայնքապետերն իրեն էին դիմել, հաստատվել են, և գարնանը կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքները:

 Մարզխորհրդի նիստի օրակարգի հաջորդ զեկույցով մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Մանվել Պետրոսյանը ներկայացրել է համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը:

 Քննարկելով ոլորտում առկա խնդիրները՝մարզպետն առաջարկել է վերանայել պլանավորման մեխանիզմները՝ հավաքագրումն ավելի իրատեսական և լիարժեք իրականացնելու համար:

 Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանը՝ խոսելով տարվա ընթացքում կատարված աշխատանքների, խնդիրների, մարզպետարանի կողմից համայնքներում հողային հարաբերությունների բնագավառում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին, մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ինքնակամ կառուցված շենք- շինությունների, գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի ինքնակամ փոփոխությունների մասին:

 Զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կառավարության՝ « ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման պահանջների կատարման անհրաժեշտությանը:

 Մարզպետն առաջարկել է առավելագույն ուշադրություն դարձնել բարձրացված հարցերին և սեղմ ժամկետում լուծում տալ դրանց:

 Այլընտրանքային խնամքի և ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացման խնդիրների մասին զեկույցով է հանդես եկել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Արտյուշ Պետրոսյանը՝ ներկայացնելով մարզում առկա վիճակը:

 Նիստի ավարտին մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլորին 2022 թվականի համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով խաղաղ 2023 թվական: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16