Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել և պատվոգրերով, շնորհակալագրերով ու դրամական պարգևներով է պարգևատրել ըմբիշների ու մարզիչների
25.11.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Կոտայքի մարզի «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Սուրեն Մարկոսյանին, մարզադպրոցի փոխտնօրեն, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ Արմեն Շահվերդյանին, մարզադպրոցի մարզիչներ Վարդան Գեղամյանին, Նվեր Պետրոսյանին և մարզադպրոցի 4 սաներին, ովքեր ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների, պատանիների աշխարհի և Եվրոպայի մի շարք առաջնություններում գրանցել են լրջագույն նվաճումներ:
Մարզադպրոցն իր գործունեությունը ծավալում է Գառնի և Ջրվեժ համայնքների վարչական տարածքներում և բազմաթիվ հաջողություններ է գրանցել:
Շնորհավորելով նրանց կարևոր հաղթանակների համար՝ մարզպետն ընդգծել է, որ անձամբ իրեն ըմբշամարտի ընտանիքի անդամ է համարում և այս կոնտեքստում ամենօրյա շփումներ ունի թե՛ մարզիչների, և թե՛ մարզիկների հետ:
Մարզի ղեկավարը միաժամանակ կարևորել է մարզպետարանի շարունակական ուշադրության անհրաժեշտությունն առհասարակ սպորտին ու մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված նախաձեռնություններին:
Ահարոն Սահակյանն ընդգծել է, որ սպորտում լրջագույն հաջողությունները մեծամասամբ կախված են նաև մարզիչների խստապահանջությունից և ուրախությամբ շեշտել, որ այս մարզադպրոցի մարզիչները հենց այդպիսին են:
Մարզպետը ազատ ոճի ըմբշամարտի՝ պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնություններում 3-րդ և 5-րդ տեղեր, մինչև 23 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնություններում 3-րդ տեղեր զբաղեցնելու համար մարզադպրոցի 4 սաների պարգևատրել է պատվոգրերով և դրամական պարգևներով, իսկ նրանց մարզիչներին՝ շնորհակալագրերով և դրամական պարգևներով:
Հանդիպման ավարտին Ահարոն Սահակյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս ոչ միայն այս, այլ նաև մարզի մյուս մարզադպրոցները գտնվելու են մարզպետարանի և անձամբ իր ուշադրության կենտրոնում, և պատրաստակամություն է հայտնել վերապահված լիազորությունների շրջանակում նպաստել, որպեսզի հաղթանակներն ու հաջողությունները կրկնապատկվեն ու բազմապատկվեն: