Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով միջհամայնքային օլիմպիադայի հաղթողներին
31.10.2022
Հրազդան համայնքը ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքը հաշվի առնելով՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կազմակերպել է «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով միջհամայնքային օլիմպիադա, որին մասնակցություն են ունեցել Հրազդան և Ծաղկաձոր համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները:
Օլիմպիադայի արդյունքներն ամփոփված են և այդ կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է 1-3 տեղեր զբաղեցրած աշակերտներին, նրանց ուսուցիչներին, ինչպես նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանին:
Մարզպետը ողջունել է հյուրերին և ընդգծել նմանատիպ նախաձեռնությունների անցկացման կարևորությունը՝ որպես կրթական և մշակութային կյանքի ակտիվացման խթաններից ևս մեկը:
Մարզի ղեկավարը շնորհավորել է աշակերտներին գրանցած հաջողությունների համար և շնորհակալություն հայտնել թանգարանի տնօրինությանը, դպրոցներին:
Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ միջոցառումների շարունակականությանը՝ հավաստիացնելով, որ իր ու մարզպետարանի կողմից կլինի համապատասխան աջակցություն արդեն հաջորդ տարի այս օլիմպիադան անցկացնելու մարզային, ինչու չէ, նաև հանրապետական մակարդակով:
Հանդիպման ավարտին «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով օլիմպիադայում 1-3 տեղեր զբաղեցրած աշակերտները մարզպետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու փոքրիկ նվերներով:
Աշակերտները պատվոգրերով, շնորհակալագրերով, նվերներով են պարգևատրվել նաև թանգարանի կողմից:
Շնորհավորում ենք բոլորին: