Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՌԴ Ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովն այցելել է Կոտայքի մարզ՝ տեսնելու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագիրը

25.10.2022

 Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների փոխնախարար Տիմուր Իգորևիչ Մաքսիմովն ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Վալերևիչ Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան Հայաստան են այցելել՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից բոլոր մարզերում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի կառավարությանը:

 Այցին միացել է նաև ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ Վլադիմիր Չերնիգովը։

 Այցի գլխավոր նպատակն էր անձամբ տեսնել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ապահովության, մարդկային ռեսուրսների և համայնքների զարգացմանը միտված երկարաժամկետ ֆինանսական աջակցության արդյունքները: Այցի ընթացքում նրանք նաև ծանոթացել են, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել ներառական մոդել, որի շնորհիվ Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության/հիգիենայի, բնապահպանության, առողջ սննդակարգի և առողջության հետ կապված հմտություններ ու գիտելիքներ:

 Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը ուղեկցել է ռուսաստանյան պատվիրակությանը՝ կիսվելու ծրագրի հաջող փորձով և ՀՀ կառավարության, Ռուսաստանի Դաշնության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև արժեքավոր համագործակցության ազդեցության արդյունքներով:

 Ռուսաստանյան պատվիրակությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ միասին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց, ուր տարրական դասարանների ավելի քան 400 դպրոցականներ ամեն օր սնվում են տաք և առողջարար կերակուրներով:
Չարենցավանի դպրոցում ՊՀԾ-ն ցուցադրել է դպրոցական սննդի և խոհանոցային ենթակառուցվածքներում կատարված ներդրումները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել միջավայր փոխել և «թխվածքաբլիթներից» անցում կատարել երեխաներին պատշաճ սննդի տրամադրմանը, ինչպես նաև ցուցադրել տարիների նշանակալից նվաճումները:

 ՊՀԾ-ն Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI) փորձագետների աջակցությամբ սկսել է մարզ առ մարզ և դպրոց առ դպրոց արդիականացնել դպրոցական ճաշարանների և խոհանոցների ենթակառուցվածքները՝ քանդված և ոչ պատշաճ տեսքով տարածքները վերածելով հարմարավետ, լուսավոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարանների:

 «Դպրոցական սնունդ» ծրագրի կայունությունն ապահովելու նպատակով՝ ՊՀԾ-ն ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» փորձագետների հետ մշակել է տրանսֆորմատիվ մոտեցում, որը թույլ է տալիս դպրոցներին միրգ և բանջարեղեն աճեցնել՝ միաժամանակ ընդլայնելով դպրոցների կարողությունները և ծրագրում ներդնելով ժամանակակից, մաքուր և բնապահպանական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ հիդրոպոնիկ և կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարկտային ցանցերն ու արևային կայանները:

 ՊՀԾ-ն ինտեգրված մոտեցում է ցուցաբերում Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի նկատմամբ՝ նպաստելով առողջ սննդի հանրայնացմանն ու համայնքային զարգացմանը:

 Հավելենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» հետ տեխնիկական համագործակցությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 16:09:58