Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել Մարզի Խորհրդի նիստ
21.10.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2022 թվականի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Օրակարգի առաջին կետով ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը զեկուցել է մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին:
Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է առավել հետևողական լինել՝ արձանագրված խախտումներն ու բացթողումները բացառելու համար Ահարոն Սահակյանը նաև հետաքրքրվել է ապօրինի շինությունների օրինականացման գործընթացից և հանդիպող խնդիրներից:
Օրակարգի երկրորդ կետով գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը ներկայացրել է ոռոգման ջրի մատակարարման և վարձավճարների գանձման աշխատանքները:
Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է, գույքագրել համայնքներում ներտնտեսային ցանցերի մաշվածության աստիճանը և համագործակցելով նաև «Կոտայք» ՋՕԸ հետ, ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրեր ներառել կառավարության սուբվենցիոն փաթեթներում՝ այդկերպ լուծելով ոռոգման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:
Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել և համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման վիճակը ներկայացրել ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Մանվել Պետրոսյանը:
Մարզպետն ընդգծել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել ու ավելի ակտիվացնել բնակիչների հետ աշխատանքը և մինչև տարեվերջ բարելավվել ու անգամ գերազանցել ներկայացված ցուցանիշները:
Նիստի օրակարգի շրջանակներում մարզպետին զեկուցվել է նաև շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների արդյունքները. մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր համայնքների ղեկավարներին առաջադրված խնդիրը բարձր մակարդակով կատարելու և անգամ գերակատարելու համար:
Համայնքների ղեկավարներին ներկայացվել է նաև ՀՀ իրավական ակտերում կատարված մի շարք փոփոխություններն ու նոր ընդունված իրավական ակտերը:
Անդրադարձ է կատարվել կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, այս պահին համայնքներում իրականացվող մշտադիտարկումներին:
Մարզպետը ևս մեկ անգամ նշել է որակյալ աշխատանքների իրականացնան անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ չի ընդունվելու որևէ անորակ աշխատանք, և դրանք լավագույնս իրականացնելը կախված է նաև համայնքի ղեկավարի անմիջական վերաբերմունքից ու սրտացավությունից:
Քննարկվել են այլ հարցեր ևս: