Նորություններ
Լրահոս
Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Նոր Հաճընում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ, շենքերի մուտքեր, տանիքներ, կառուցվում են ջրահեռացման, կոյուղու համակարգեր
16.10.2022
Շարունակվում են ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու պետական և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքներին ու համայնքների ղեկավարների հետ քննարկելու համայնքային խնդիրները:
Հերթական այցով մարզպետը Նոր Հաճըն խոշորացված համայնքում էր:
Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը դիտարկել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Նոր Հաճընում ընթացող ներհամայնքային ճանապարհահատվածի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները:
Պետություն-համայնք՝ 35% / 65% համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է համայնք մտնող շուրջ 2,5 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհահատվածը:
Ահարոն Սահակյանը զրուցել է շինարարների հետ և հորդորել խստագույնս հետևել իրականացվող աշխատանքների որակին, ու դրանք ավարտել ծրագրով սահմանված ժամկետներում:
Այս տարի Նոր Հաճընից ընդհանուր առմամբ 7 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել, որոնց մի մասն ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են:
Մասնավորապես,
Արգելում և Գետամեջում ավարտվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները, Մրգաշենում ընթացքի մեջ են ջրահեռացման ցանցի կառուցման, իսկ Քանաքեռավանում կայուղու կառուցման ծրագրերը: Մրգաշեն և Արգել բնակավայրերում ընթացքի մեջ են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման աշխատանքները, Նոր Արտամետում էլ ընթանում է կոյուղագծերի վերակառուցման ծրագիրը:
Աշխատանքային այցի շրջանակում մարզպետն այցելել է նաև Նոր Հաճընի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոց, շրջել տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, սննդի կազմակերպման պայմաններին, տնօրենի հետ քննարկել դպրոցի խնդիրներն ու ծրագրերը: