Նորություններ
Լրահոս
«Քո արվեստը դպրոցում» մշակութային- կրթական ծրագրի թիմը Կոտայքում էր
28.09.2022
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Քո արվեստը դպրոցում» մշակութային- կրթական ծրագրի թիմը սեպտեմբերի 22-24-ին Կոտայքում էր:
Սա ծրագրի շրջանակում իրականացվող հանդիպումների երրորդ կանգառն էր Երևանից և Վանաձորից հետո:
«Քո արվեստը դպրոցում» մշակութային - կրթական ծրագրի ընթացքում Կոտայքի մարզի հարյուրավոր դպրոցականներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու, շփվելու և հետաքրքիր հանդիպում-դասախոսություններ ունենալու արդի արվեստագետների հետ։
Առաջին հանդիպումը Նոր Հաճընի արվեստի դպրոցում էր, որտեղ աշակերտների հյուրը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգահան Էդգար Գյանջումյանն էր։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում երաժշտագետ, կոմիտասագետ, Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ Արթուր Շահնազարյանի հետ:
Հանդիպումների շարքն ամփոփվել է Աբովյանի Զարե Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում.աշակերտները հյուրընկալել են հայտնի ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանին:
Նշենք, որ ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց֊-մշակութային կազմակերպություն – աշակերտ- արվեստագետ կապը, ծանոթացնել երիտասարդ սերնդին մեր ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային հիմնահարցերին։
Կոտայքի մարզում ծրագրի իրականացմանն իր խոսուն աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Կոտայքի մարզպետարանը: