Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանին
23.09.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Յոնգ Ֆանին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ մարզպետը կարևորել է երկու երկրների միջև մինչ այժմ ձևավորված ամուր կապերը՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք քայլերի անհրաժեշտությունը:
Ահարոն Սահակյանը դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը՝ առանձնացնելով հատկապես կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները:
Դեսպանն իր հերթին նշել է, որ ծանոթ է մարզում զարգացող մի շարք ճյուղերի և բազմաթիվ ուղղություններով ակնկալում է հետագա համագործակցություն հատկապես Հայաստանի և Չինաստանի քաղաքների միջև կապերի խորացման կոնտեքստում՝ շեշտադրելով համագործակցության հնարավորություն Չինաստանի քաղաքների և մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Գառնի համայնքների միջև:
Մարզպետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և համակողմանի աջակցության համար:
Մարզի ղեկավարը դեսպանի հետ այցելել է նաև մարզում գործող «Ռեյր» ջրերի գործարան, շրջել տարածքում, ծանոթացել արտադրական ծավալներին: