Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը փոխվարչապետի և ՏԿԵՆ նախարարի հետ հանդիպել են ողջաբերդցիներին
29.08.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին օգոստոսի 26-ին ուղեկցել է Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում:
Փոխվարչապետը, նախարարը և մարզպետը նախ հանդիպել են Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին։
Հիշեցնենք, որ Կառավարությունը, 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Կառավարությանը՝ տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդրին արձագանքելու և բնարականի գնման վկայագրեր տալու որոշման համար։
Այցի ընթացքում ծանոթացել են նաև Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ այն 3.4 մլրդ դրամ արժեքով իրականացվող չորս ենթածրագրերից վերջինն է՝ հավելելով, որ դրանցից երեքն արդեն ավարտվել և հանձնվել են համայնքի բնակիչներին։
Ներկայում ընթանում են «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքները, արժեքը՝ 551 մլն 945 հազար դրամ, որոնց ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին: Վերջնարդյունքում ստեղծվելու է կայանատեղի՝ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոմեքենաների համար, բարեկարգվելու է դեպի Գառնու տաճար և նոր կայանատեղի տանող ճանապարհների մայթերը և երթևեկելի հատվածները, բարեկարգվող փողոցները կահավորվելու են ճանապարհային նշաններով, զբոսաշրջային ցուցանակներով և համապատասխան գծանշումներով, թեքահարթակներով: Նախատեսվում է նաև բարեկարգել Գառնու տաճարի պարսպի մերձակա հրապարակը, դիտահարթակը և այլն։