Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի միասնական տրանսպորտի սակագնի թանկացման խնդիրը շարունակում է մնալ Կոտայքի մարզպետարանի օրակարգում
09.08.2022
Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:
Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքացիները դիմել էին մարզպետ Ահարոն Սահակյանին և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մարզպետի և մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակվում է իրականացվել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի բնակիչների լուծելու նպատակով:
Այսօրվա հանդիպման օրակարգում էին՝
• Չվացուցակների և երթուղիների հստակեցումը
• Սակագների վերանայումը
• Տրանսպորտային միջոցների սակավությամբ պայմանավորված՝ հնարավոր խնդիրների առկայությունը
• Արտոնյալ պայմաններով անձանց սպասարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Այս հանդիպումը ևս արդյունավետ էր, քանի որ կոնկրետ երթուղային մի քանի ուղղություններով քաղաքացիների կողմից առաջարկներ են հնչել, որոնք նաև մարզպետի հորդորով «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն առաջիկայում կվերանայի:
Սակագնի վերանայմանն ուղղված առաջարկությունները շարունակում են բարձրաձայնվել քաղաքացիների կողմից. քննարկվում են հնարավոր տարբերակները կոնկրետ ուղղություններով դրանք փոփոխելու համար:
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը նշել է, որ օգոստոսի 22-ից կսպասարկեն Հրազդան համայնքի գյուղերը, իսկ օգոստոսի վերջից նախատեսվում է սպասարկել Հրազդան-Երևան և Ծաղկաձոր-Երևան երթուղիները:
Բարձրացված մի շարք հարցեր առաջիկայում ևս բազմակողմանի կուսումնասիրվեն ՏԿԵՆ-ի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի և Կոտայքի մարզպետարանի կողմից:
Արձանագրելով միասնական տրանսպորտային երթուղու գործարկմամբ պայմանավորված դրական փոփոխությունները՝ մարզի ղեկավարը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումների կարիք ունեն՝ կապված թե՛ չվացուցակների, թե՛ գնագոյացման, թե՛ տրանսպորտային միջոցների սակավության հետ և պետք է անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն: