Նորություններ
Լրահոս
Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը փուլային տարբերակով լուծում է ստանում
08.07.2022
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում N 1038-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ եւ 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրի միջոցով, 241,897.5 հազար դրամի չափով:
Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի սենյակների թիվը, 1-սենյականոցի համար` 45 ք/մ, 2-սենյականոցի համար՝ 55 ք/մ, 3-սենյականոցի համար՝ 65 ք/մ, 4-սենյականոցի համար՝ 75 ք/մ, 5-սենյականոցի համար՝ 85 ք/մ ընդհանուր մակերես և Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022 թվականի ապրիլին ձևավորված շուկայական գնին՝ 248000 դրամին համապատասխան:
Հիշեցնենք, որ Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտու խնդրի լուծման նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ բազմիցս քննարկում է ծավալվել. մարզպետը հանդիպել էր նաեւ բնակիչներին, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները Կառավարության նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում էր սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տալ՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։
Ողջաբերդցիները մարզպետին ներկայացրել էին նախագծի վերաբերյալ իրենց տարբերակները, որոնք Կոտայքի մարզպետի կողմից ներկայացվել են համապատասխան գերատեսչությունների քննարկմանը:
Նշենք, որ Ողջաբերդ համայնքում տարիների ընթացքում ձևավորված խորքային խնդիր կա. սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն: