Նորություններ
Լրահոս
«Կոտայք-2022» մշակութային փառատոն
01.07.2022
Հուլիսի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում կայացավ «Կոտայք-2022» մարզային մշակութային փառատոնի եզրափակիչ փուլը:
Փառատոնի շրջանակներում մարզի համայնքների արվեստի և գեղարվեստի տասը դպրոցների երեքական լավագույն սաների համար եկեղեցու բակում և նրա մերձակա տարածքում կազմակեր պվեց պլեներ, որի ժամանակ մարզի պատանի նկարիչներից յուրաքանչյուրը յուրովի պատկերեցին «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Սարգիս» եկեղեցիները, ինչպես նաև դրվագներ Բջնիի բնաշխարհից:
Նրանց շնորհվեցին մարզային մշակութային փառատոնի դափնեկրի հավաստագրեր և օրվա խորհրդին համահունչ նվերներ:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց նաև հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում դիպլոմների ու այլ կարգի խրախուսանքների արժանացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների պարգևատրման արարողություն:
Օլիմպիականները իրենց ընտրությամբ ու պատանի նկարիչների համաձայնությամբ իբրև հուշանվեր ստացան նաև պլեների ընթացքում ստեղծված մեկական գեղանկար:
Փառատոնի մասնակիցներին, նրանց ուսուցիչներին, տնօրեններին, ծնողներին ու բոլոր ներկաներին ողջունեց և նրանց համար միջոցառման սկզբում ու ավարտին ժամերգություն կատարեց Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Աիրիստակես քահանա Բաղալյանը:
Օրվա խորհուրդն ու նշանակությունը ներկայացրին, ինչպես նաև միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև փառատոնի կազմակերպիչները` Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը և վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը:
Միջոցառման ավարտին Տեր Արիստակեսի օրհնությամբ և առաջնորդությամբ փառատոնի մասնակիցները բարձրացան «Բջնիի ամրոց» պատմամշակութային արգելոց, որտեղ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Մինաս Պետրոսյանը հայրենագիտական ակնարկի տեսքով ներկայացրեց Բջնի գյուղի, ամրոցի և եկեղեցու համառոտ պատմությունը: