Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ ծանոթացել են մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին
23.06.2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախարարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների և համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել են Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության 10 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Այս աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1մլրդ 290մլն դրամ է։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհահատվածի հիմնանորգման աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարեվերջին։
Դիտարկվել է նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 10.8 կմ երկարությամբ այս հատվածն էլ Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Երկու հատվածում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Այս հատվածի պայմանագրային արժեքը մոտ 717 մլն դրամ է և կրկին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։