Նորություններ
Լրահոս
Նախնական զինվորական պատրաստություն առարկայից դպրոցականների առարկայական օլիմպիադայում երկրորդ տեղը զբաղեցնելու համար Կոտայքի մարզպետը պարգևատրել է մարզի հավաքականին
25.05.2022
Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից Կոտայքի մարզի հավաքական թիմը հաղթել է Հայաստանի մարզերի ու Երևան քաղաքի հավաքականներին՝ զիջելով միայն Արցախի հավաքականին և զբաղեցրել երկրորդ տեղը:
Այդ կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է մարզի հավաքականի կազմում ընդգրկված յոթ աշակերտներին ու զինվորական ղեկավարներին՝ շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու մարզը նման մեծ պատվի արժանացնելու համար:
Մարզպետը ներկաների հետ անմիջական զրույց է ունեցել. աշակերտները հարցեր և առաջարկներ են ուղղել մարզպետին, որոնք անպայման կքննարկվեն և կդիտարկվեն:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի տարածաշրջանում ենք գտնվում և ինչպիսի վտանգների առջև ենք մշտապես ՝անձամբ ինձ համար նախնական զինվորական պատրաստություն առարկան ամենակարևորներից մեկն է, ու այս հաղթանակը մեզ համար չափազանց կարևոր ու պարտավորեցնող է»,- իր խոսքում ասել է Ահարոն Սահակյանը՝ ընդգծելով, որ միահամուռ ուժերով պետք է անել առավելագույնը, որպեսզի նախնական զինվորական պատրաստություն առարկայի հեղինակությունն ու կարևորությունը է՛լ ավելի բարձրացնա դպրոցներում, քանզի մեր բանակը հենց այս երեխաների պես պատրաստված, հմուտ, բանիմաց և հայրենասեր մասնագետների կարիքն ունի. «Շնորհակալ ենք, որ դեռ դպրոցական տարիքից բարձր մակարդակով տիրապետում եք զինվորական արվեստի գաղտնիքներին:
Շարունակեք զինել ձեզ գիտելիքի անհրաժեշտ պաշարներով, իսկ մենք մեր հերթին կանգնած ենք ձեր կողքին՝ մեր խորհուրդներով ու աջակցությամբ: Վստահ եղեք, որ մշտապես զգալու եք պետության աջակցությունը»,-շեշտել է մարզի ղեկավարը:
Հանդիպման ավարտին ՀՀ դպրոցների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ՆԶՊ առարկայից երկրորդ տեղը զբաղեցնելու համար մարզպետ Ահարոն Սահակյանը պարգևատրել է պատվոգրերով և սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ «Էս ի՞նչ եք անում տղերք» խորհրդանշական գրքերով: