Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում՝ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում, մեկնարկել է տարեցների պատվաստման համապետական արշավը
08.04.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի և առողջապահության նախարարության ` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող տարեցների պատվաստման համապետական արշավն այսօր մեկնարկել է Կոտայքի մարզից:
Համապետական արշավի բացման արարողությունը տեղի է ունեցել Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում:
Միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուները, առողջապահության համաշխարհային կազմակերպության, եվրոմիության ներկայացուցչության, Կարմիր Խաչի ընկերության, ինչպես նաև մարզի առողջապահական կազմակերպությունների, համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Վասակ Վարդայանը և ընդգծելով հատկապես տարեցների ու ռիսկի խմբում ընդգրկված բնակչության առողջության պահպանումը որպես առաջնահերթություն՝ կարևորել համավարակի կանխարգելմանն ուղղված նման արշավների իրականացումը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ ընդգծել է, որ այս արշավը կարևոր միջոցառում է և հատկապես համայնքների հետ համագործակցելով՝ պետք է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը ու անել առավելագույնը, որպեսզի մեր տարեց հայրենակիցները պատվաստվեն՝ պաշտպանվելով և պաշտպանելով նաև շրջապատող մարդկանց:
Ելույթ են ունեցել նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան և կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավար Սիդհարթա Դատան:
Արշավի բացման արարողությունից հետո կազմակերպիչները և հյուրերը շրջել են բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել պատվաստումային գործընթացի կազմակերպման պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ, հետաքրքրվել բնակչության ընդգրկվածության ցուցանիշներով: