Նորություններ
Լրահոս
Մարզի հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ պարգևատրվել են հավաստագրերով ու պատվոգրերով
06.04.2022
Մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի առցանց կրթական հարթակի աշխատարանների ավարտին նվիրված միջոցառում, որին ներկա էին «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Կալիպսո Բզնունին, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, ծրագրին մասնակցած մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, աշակերտներ:
Հյուրերը ներկայացրել են իրականացված ծրագրի մանրամասները:
Միջոցառման ընթացքում «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի վերապատրաստումների արդյունքում մարզի շուրջ չորս տասնյակ ուսուցիչներ ստացել են հավաստագրեր, իսկ շուրջ 20 ուսուցիչներ՝ խրախուսական մրցանակներ։
Ակադեմիայի հայալեզու հարթակն ակտիվ կիրառելու համար պատվոգրերով ու մրցանակներով են պարգևատրվել մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներ Մարի Մաթևոսյանը, Արփի Մաթևոսյանը, Սվետլանա Թադևոսյանը և Մարիամ Բաղդասարյանը։
Առանձնակի ոգևորող է այն, որ առավելագույն միավորներ գրանցած Մարի Մաթևոսյանի՝ ավելի քան 7 միլիոն միավորի ցուցանիշը լավագույնն է մրցույթին մասնակից 3 մարզերի՝ Լոռու, Շիրակի և Կոտայքի մասնակիցների շրջանում։
Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման ծրագրեր իրականացնելու համար՝ հայտնելով մարզպետարանի գործուն աջակցությունը «Քան» ակադեմիայի և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնություններին՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը:
««Քան» ակադեմիայի Հայաստանի գործընկեր դպրոց» հատուկ մրցանակի է արժանացել Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցը:
Նախորդ տարվա սեպտեմբերից անցկացվող վերապատրաստումներում ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու առցանց կրթական հարթակների արդյունավետ օգտագործման եղանակներին, յուրացնել և փորձարկել «Քան» հարթակի կիրառմամբ ուսումնառության նոր մեթոդներ, առավելագույնը քաղել անհատականացված կրթության ու ինքնակրթության համար հասանելի բոլոր ռեսուրսներից։
Հիշեցնենք, որ «Քան» ակադեմիան աշխատարանների շարքն իրագործել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need Armenia) հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։