Նորություններ
Լրահոս
Ռուս դասական արձակ գրականությունը Կոտայքի մարզի դպրոցների աշակերտների մատուցմամբ
25.02.2022
Հրազդանի Պ.Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կայացել է «Живая классика» խորագրով արձակ ստեղծագործության ասմունքի միջազգային պատանեկան մրցույթի Կոտայքի մարզային փուլը, որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության դպրոցների 19 աշակերտներ:
Նրանք երեք-չորս րոպեի սահմաններում անգիր ներկայացրել են հատվածներ ռուսալեզու գրողների արձակ ստեղծագործություններից :
Մարզային լսումների արդյունքում ընթերցանության մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու են երաշխավորվել Քասախի N2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արամ Աբրահամյանը, Չարենցավանի N5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արևիկ Դավթյանը:
Այս տարի մարզային լսումներին ներկա էին նաև Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը, «Живая классика» և համանման այլ ծրագրերի հանրապետական համակարգող Սոնա Սառաջյանը:
Վերջինս Երևանում գործող Գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի տնօրենի անունից` համատեղ ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած երկարամյա պատշաճ աջակցության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալագիր է հանձնել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Մինաս Պետրոսյանին:
Նշենք, որ «Живая классика» խորագրով մրցույթն անցկացվում է ՌԴ Լուսավորության նախարարության, ԱՊՀ գործերով Դաշնային գործակալության, Միջազգային հումանիտար համագործակցության («Россотрудничество»), Գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ:
Մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչված երեք պատանի ասմունքողները կպարգևատրվեն «Արտեկ» միջազգային կենտրոնի ուղեգրով:
Հաջողություններ մեր պատանի ասմունքողներին առաջիկա օրերին կայանալիք հանրապետական պատասխանատու ստուգատեսում: