Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է բազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոն, հրազդանցի Նաիրա Մեսրոպյանին
24.12.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2021 թվականի հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նաիրա Մեսրոպյանին, ով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից:
Զրուցակիցները խոսել են բազկամարտից, առաջնությունից, մրցակիցներից, և, առհասարակ, ոլորտին առնչվող հարցեր քննարկել:
Նաիրա Մեսրոպյանն իր քաշային կարգում՝ +65 կգ. ՖՍՀՄ դասակարգումով (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ), 2 ոսկե մեդալ է նվաճել՝ հաղթելով և՛ ձախ և՛ աջ ձեռքերով:
Ահարոն Սահակյանը շնորհավորել է Նաիրային կարևոր հաղթանակի կապակցությամբ և վերջինիս հավաստիացրել, որ նա մշտապես մարզպետարանի տեսադաշտում է լինելու և անմիջականորեն զգալու է պետության աջակցությունն ու դերը:
«Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ի դեմս Նաիրայի, միջազգային և տեղական հարթակներում հաջողություններ գրանցած մեր մարզի բոլոր քաղաքացիները մեր ամենօրյա ուշադրության և հոգածության ներքո են գտնվելու»,- իր խոսքում նշել է Ահարոն Սահակյանը:
Նշենք, որ սա Նաիրայի առաջին հաղթանակը չէ, նա ոսկե մեդալակիր էր դարձել նաև 2020 թվականին, իսկ 2018 թվականին նվաճել է «Միսս Հայք-2018» գեղեցկության մրցույթի հաղթողի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում World Armwrestling Federation WAF, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, AFA -Armwrestling Federation of Armenia հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները մասնակցել են բազկամարտի աշխարհի առաջնությանը՝ ընդհանուր հաշվով Հայաստան վերադառնալով 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով։