Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» վերաբերյալ հերթական քննարկումը Կոտայքի մարզպետարանում

23.11.2021

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ հերթական քննարկումն է տեղի ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» նոր խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների՝«Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկի, կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի միջազգային ղեկավար Կառեն Էբեռլիի, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանի, «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, կոշտ թափոնների նախագծերի դիզայներ Գևորգ Մարտիրոսյանի, գնումների գործընթացի փորձագետ Քրիստինե Ղամբարյանի, ֆինանսական գծով փորձագետ Արամ Կարապետյանի, ինչպես նաև ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի,վարչության մասնագետների և «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի մասնակցությամբ:

 Մարզպետը ողջունել է հյուրերին՝ ևս մեկ անգամ անվերապահ աջակցություն հայտնելով նախագծի իրականացման ողջ ընթացքում.
«Մենք գիտակցում ենք նախագծի լրջությունը, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունն ընդհանուր աղբահանության համակարգի հետ կապված և քսանչորս ժամ պատրաստ ենք աջակցել, որպեսզի ծրագիրը կայանա»,-նշել է մարզպետը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս փուլում ծրագրի իրականացման հետ կապված որևէ խոչընդոտ չկա:

 ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն էլ ընդգծել է, որ նշված ներդրումային ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում պետության ներսում.

 «Ծրագիրն անչափ կարևոր է մեր երկրի համար, քանի որ մենք այս ծրագրով նոր մշակույթ ենք ձևավորում:

 Կարևորում ենք յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր շահառուի անմիջական մասնակցությունը որոշումների կայացման և ծրագրի իրականացման ողջ ընթացքում»,- նշել է Նարինե Ավետյանը:

 Կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի միջազգային ղեկավար Կառեն Էբեռլին էլ, շնորհակալություն հայտնելով ՏԿԵ նախարարությանը և Կոտայքի մարզպետին ընդունելության, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ ներդրված ջանքերի ու աջակցելու պատրաստակամության համար, ընդգծել է, որ Կոտայքը, ընտրված լինելով որպես ծրագրի շահառու, հանդիսանում է օրինակելի մարզ և ծրագրի հաջողության պարագայում այն կկիրառեն նաև այլ մարզերում:

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Կոտայքի մարզում՝ Հրազդանի վարչական տարածքում, կառուցվում է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

 Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-11-26 14:41:33