Նորություններ
Լրահոս
Ակունքում այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել. Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ակունքում էր
15.11.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային հերթական այցով Ակունք խոշորացված համայնքում էր՝ կառավարության սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքներին ծանոթանալու, համայնքային խնդիրները խորքային հասկանալու և պատասխանատուների հետ դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Ակունքում պետական բյուջեի աջակցությամբ այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝
Ակունք, Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում, ընդհանուր առմամբ, կապիտալ ասֆալտապատվել է շուրջ 1,8 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված: Այս ծրագրին պետական բյուջեից ֆինանսավորումը 25 % է. համայնքի ներդրումը՝ 75 %:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք՝ 30%-70% համաֆինանսավորմամբ ներհամայնքային ճանապարհահատված է ասֆալտապատվել Կապուտան բնակավայրում: Ընդ որում, Ճանապարհների հիմնական մասը տասնամյակներով խարխուլ վիճակում են եղել:
Զառ բնակավայրում կապիտալ վերանորոգվել է վարչական շենքի տանիքը:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերից մեկով Ակունք համայնքը ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա, որը համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար:
Զովաշեն բնակավայրում էլ ընթացքի մեջ են վարչական շենքի և արտաքին սանհանգույցի կառուցապատման աշխատանքները:
Համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի և վարչական ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը եղել է համայնքի բնակավայրերում, ծանոթացել աշխատանքներին:
Հունան Ռուբենյանը մարզպեըին ներկայացրել է նաև համայնքային միջոցներով իրականացված ծրագրերին, մասնավորապես, Նոր Գյուղում կառուցված համայնքային փոքրիկ կենտրոնին, որը նախատեսված է տարեցների և երիտասարդների ժամանցը ավելի քաղաքակիրթ կազմակերպելուն:
Ահարոն Սահակյանն այցելել է նաև Կոտայք բնակավայրի մշակույթի տուն, որի հիմնական մասը համայնքի միջոցներով ջեռուցվել և գազաֆիկացվել է: