Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շուրջ

08.11.2021

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» նոր խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին՝ «Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկին, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, բնապահպանական, սոցիալական և իրավական հարցերի փորձագետ Ալիսա Սավադյանին և «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանին:

 Աշխատանքային քննրկմանը ներկա էին նաև մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներ և ազդակիր համայնքների ներկայացուցիչներ:

 Ողջունելով հյուրերին՝ մարզպետը հույս է հայտնել, որ նոր խորհրդատվական ընկերության հետ կձևավորվի աշխատանքային առողջ և ակտիվ համագործակցություն՝ նաև համայնքների հետ հաղորդակցային ուղիղ կապ հաստատելու ճանապարհով նախագիծը հաջողությամբ իրականացնելու նպատակով:

 Հյուրերն, իրենց հերթին, ներկայացրել են ընկերության կողմից սահմանված առաջնահերթությունները և վստահեցրել, որ միջազգային ու տեղի փորձագետների հարուստ փորձն ու գիտելիքները կօգտագործեն ի նպաստ նախագծի կայացման:

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Կոտայքի մարզում՝ Հրազդանի վարչական տարածքում, կառուցվում է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

 Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:

 Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50