Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ու ՏԿԵ նախարարն այցելել են նաև Գառնի համայնք
30.10.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել են Գառնի համայնք և ծանոթացել համայնքում իրականացվող շինաշխատանքներին։
Մասնավորապես, դիտարկել են ՏԿԵ նախարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածի շինարարությունը։
Ծրագրով արդիականացվում են նաև գիշերային լուսավորության, ջրահեռացման համակարգերը և առկա կոմունիկացիաները, կառուցվում և վերանորոգվում են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի:
Շինարարների հավաստմամբ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մինչև տարեվերջ հնարավոր կլինի աշխատանքի մեծ մասը ավարտին հասցնել։