Նորություններ
Լրահոս
Ձորաղբյուրում մեկնարկում է Բերքի տոն 8-րդ փառատոնը
17.09.2021
Գյուղատնտեսական աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Կոտայքի մարզպետարանի և մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպում է գյուղական կյանքի և ավանդույթների 8-րդ փառատոնը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրի կանաչ ուսուցման կենտրոնում:
Փառատոնի մանրամասների մասին կազմակերպիչներն այսօր խոսել են հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:
Շուրջ 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և Արցախից մասնակցելու են այս տարվա Բերքի փառատոնին:
Փառատոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:
Նշենք, որ փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:
Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն երիտասարդական խումբ, Լավագույն սեղան եվ Լավագույն ձեռներեց անվանակարգերում:
Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: