Նորություններ
Լրահոս
«Ապագայի ֆերմերները» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկում
09.09.2021
«Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող «Ապագայի ֆերմերները» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկումը նախաձեռնության կազմակերպիչների և ծրագրի շահառուների ու ծրագրով հետաքրքրվածների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին «Ապագա» հիմնադրամի նախագահ Տաթև Այրումյանը, փորձագետներ, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետներ:
Նշենք, որ ծրագիրը փորձնական էր, որի շրջանակում Կոտայքի մարզից ընտրված 10 սոցիալապես խոցելի ընտանիքների հնարավորություն էր տրվել զբաղվելու կայուն եկամուտ ապահովող գյուղատնտեսական գործով՝ ճագարաբուծությամբ:
Կոտայքի մարզում ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ հիմնադրամն այս տարի Կոտայքի մարզի շահառուների ընդգրկման ծավալները կմեծացնի:
Կազմակերպված հանդիպման ընթացքում ծրագրով հետաքրքրված քաղաքացիբներին ներկայացվել են նպատակները, դիմելու կարգը, ընթացակարգերը, իսկ արդեն ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիների հետ քննարկվել են ընթացիկ հարցերը և դրանց լուծման տարբերակները:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ընտանիքներին տրամադրվելու են Ճագարներ + ֆերման, ճագարամայրեր, ճագարների կերը, դեղորայքը և անհրաժեշտ ամեն ինչ:
Առավելությունն այն է, որ լուծվելու է նաև շուկայի հարցը՝ ստացված պրոդուկտը ամբողջությամբ մթերվելու է, և որևէ շահառու վաճառքի խնդրի առաջ չի կանգնելու:
Նշենք նաև, որ նախաձեռնությունն իրականացվում է «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ:










