Նորություններ
Լրահոս
Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը անվանակոչվեց հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անվամբ:
01.09.2021
Գիտելիքի և դպրության օրը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գառնի համայնքում էր:
Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը մարզպետի որոշմամբ այսօրվանից անվանակոչվեց Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անվամբ:
Արթուրը Գառնի համայնքից էր՝ Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ: 2006 թվականին ավարտել է ՌԴ Ռյազանի օդադեսանտային ռազմական ինստիտուտը և վերադառնալով հայրենիք՝ նշանակվել Արցախի ՊԲ հակահետախուզական ջոկատի, ապա վաշտի հրամանատար:
2013 թվականին ստացել է մայորի, իսկ 2016 թվականին՝ փոխգնդապետի կոչում:
Արթուրն անմահացել է 44 - օրյա պատերազմի ընթացքում. հետմահու պարգևատրվել «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մարզպետը բարեմաղթել է, որ կրթօջախի յուրաքանչյուր աշակերտ, ուսուցիչ և անձնակազմի յուրաքանչյուր անդամ բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը ու բոլորս մեր վարքով, հայրենասիրությամբ ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով արժանի լինենք մեր հերոսներին:
Պաշտոնական արարղությունից հետո կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, ծանոթացել առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծմանն ուղղված քայլերը: