Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր

21.07.2021

 Մեկնարկել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ:

Մարզպետն այսօր Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

 Այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի տարածք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին ու ծավալներին:

 Համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը մարզպետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ արդեն իսկ կառուցվում է մանկապարտեզի երկրորդ հարկը, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ:
Արդյունքում, պետության աջակցությամբ Գողթ համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած տիպային մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 75 երեխաների համար. գործելու է երեք խմբով:

 Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

 Գողթում մարզպետ Ահարոն Սահակյանը դիտարկել է նաև համայնքի բյուջեի միջոցներով երկու փողոցներում իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

 Այնուհետև մարզպետն այցելել է Գեղաշեն համայնք և համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ եղել կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցված նոր մանկապարտեզում, որտեղ այս պահին կրկին կառավարության 2020 և 2021 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ:
Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ շինաշխատանքները տեղափոխվել են այս տարի և ամենամոտ ապագայում կավարտվեն:

 Գույքի ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:

 Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար:

 Նշենք, որ Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:

 Բացի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրից, Գեղաշենում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ մի շարք թաղամասերի գազաֆիկացում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և արևային կայանների տեղադրում:

 Հաջորդիվ մարզպետը եղել է Կամարիս համայնքում, որտեղ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ:
Համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանը նեկայացրել է, որ ծրագրի շրջանակում արդիականացվում է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1200գծմ), ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։

 Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ:

 Բացի նշված ծրագրից, այս տարի Կամարիսում ևս երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգում և համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցի վերականգնում: Վերջին ծրագրով համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

 Բոլոր համայնքներում մարզպետը հորդորել է սահմանված ժամկետում ավարտել մեկնարկած շինաշխատանքները՝ իրականացնելով բացառապես որակյալ շինարարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50