Նորություններ
Լրահոս
«Վարդավառ» փառատոնը երիտասարդական ակումբների համախմբման վայր
12.07.2021
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ արդեն 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ինչպես նաև ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումն է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հյուրերի շրջանում:
Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:
Այս տարի ևս փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գառնիի տաճարի մոտ՝ բերքուբարիքի, ձեռքի աշխատանքների ու Վարդավառին նվիրված արվեստի գործերի տաղավար-ցուցահանդեսի բացմամբ: Այնուհետև այն շարունակվեց Գեղարդի վանքում՝ Պայծառակերպության տոնին նվիրված պատարագով, որին հաջորդեց երիտասարդների օրհնության կարգ. հոգևորականը ջուր ցողեց վանքի գավիթում և հարակից տարածքում հավաքված հավատացյալների վրա:
Կեսօրից հետո Գառնի տաճարի հրապարակում փառատոնը շարունակվեց Վարդավառի՝ հեթանոսական ավանդույթների ներկայացմամբ. մասնակիցների մեջ էին տոնակատարության հերոսները՝ Աստղիկն ու Վահագնը:
Ծրագրում ընդգրկված էր նաև Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն, Վարդավառի շուրջպար և ազգային-ավանդական խաղեր: «Վարդավառի բեմականացված ներկայացման ժամանակ երիտասարդները մեծ ոգևորությամբ տարբեր լեզուներով բոլոր հետաքրքրվողներին պատմում էին յուրաքանչյուր դրվագի իմաստը, բացատրում դրա խորհուրդը», - ասաց փառատոնի կազմակերպիչ, ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Հարությունյանը, ով կազմակերպչական թիմի անդամ է, կարևորելով միջոցառումը նշեց, որ «Գառնի համայքում տեղի ունեցող յուրաքանչյուր միջոցառում կարևորվում է, սա հնարավորություն է, որ ևս մեկ անգամ մեր տաղանդավոր երիտասարդները ներկայանան. այստեղ ներկայացրել ենք Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, Գառնիում աճող բերքն ու բարիքը»:
Փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին Գառնի համայնքի մարզամշակութային կենտրոնի սաներն ու Երևանի «Յանա» պարային համույթը:
Վարդավառ միջազգային փառատոնի կազմակերպման աշխատանքներում մեծ ներդրում ունի նաև Հայկական Փի Ար ասոցիացիան:
Փառատոնի ավարտին Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը հանդիպեց Գառնի համայնքի երիտասարդների հետ, ներկայացրեց երիտասարդական ակումբների ստեղծան և անհրաժեշտության մասին, կարևորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքում, ինչպես նաև ազգային ավանդական մշակույթային միջոցառումների կազմակերպումն ու հանրահռչակումը: Հանդիպման ավարտին որոշվեց ստեղծել Գառնի երիտասարդական ակումբ, որը կխթանի երիտասարդների ոչ ֆորմալ կրթությամբ հմտությունների զարգացմանը:
Փառատոնն ամփոփվեց երիտասարդների սիրած ջրոցիով ու համատեղ լուսանկարով: