Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մասնակցել է Խ. Աբովյանի կյանքին ու գործունեությանը նվիրված օլիմպիադայի ամփոփիչ փուլին

19.05.2021

Կոտայքի մարզպետարանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցություն ստեղծելու գաղափարը ծնվել է ամիսներ առաջ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի միջև կայացած հանդիպման ժամանակ, իսկ այսօր արդեն այն կարևոր հիմքով գեղեցիկ ծրագրի է վերածվել:

 Մի քանի ամիս մարզի 54 դպրոց մասնակցեց օլիմպիադայի, որի նպատակը Խաչատուր Աբովյանի կյանքին ու գործունեությանը ծանոթացնելը, ավելի շատ աշակերտների Աբովյանի ազգասիրական և հայրենասիրական պատգամները փոխանցելն էր՝ նշանավորելով «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակը:

 Օլիմպիադայի 3 փուլերում ընտրված 10 լավագույն դպրոցները երեկ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մասնակցեցին օլիմպիադայի վերջին՝ ամփոփիչ փուլին՝ հանդես գալով փոքրիկ ներկայացումներով և ասմունքներով՝ կրկին աբովյանական ոգով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մարզպետարանի աշխատակիցներին, թանգարանի տնօրինությանն ու դպրոցների անձնակազմին ծրագրի իրականացման համար՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում ասել է.

 «Երբ ստեղծվեց այս գեղեցիկ ծրագրի միտքը, սկզբունքը մեկն էր՝ չանել մի բան պարզապես անելու համար, այլ հոգի դնել այդ ծրագրում ու այն ծառայեցնել իր բուն նպատակին: Այսօր բոլորս տեսնում ենք՝ ազնիվ հիմքով գաղափարն իրականություն է: Մեր երկրի իրական շենացումը, իրական հզորացումը հենց նման մոտեցումից է սկսվում: Պետք է այս ճանապարհով գնանք, այս ճանապարհով լավ երկիր ստեղծենք»:

 Օլիմպիադայի եզրափակիչ փուլը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում անցկացնելը պատահական չէ. դպրոցականները մեծ գրողի, հայրենասերի գործերը ներկայացնում են ճիշտ այն վայրում, որտեղ 2 դար առաջ շրջում էր, ընթերցում, խաղում փոքրիկ Խաչատուր Աբովյանը:

 Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շեշտում է՝ աբովյանական լինելն արդեն մեծ հաղթանակ է.«Այսքան գիտելիքներ ձեռք բերելը, այսպես ոգեշնչված լինելն արդեն մեծ հաղթանակ է: Սա էր մեր նպատակը, և ես համարում եմ այն իրականացված»:

 Օլիմպիադայում մրցանակային 3 տեղերը զբաղեցրեցին հետևյալ դպրոցները՝ Աբովյանի N10 հիմնական դպրոց- 1-ին տեղ, Չարենցավանի N3 հիմնական դպրոց- 2-րդ տեղ, Կամարիսի միջնակարգ դպրոց- 3-րդ տեղ:

 Հաղթող դպրոցները ստացան հուշանվերներ, շնորհակալագրեր, Աբովյանի տուն-թանգարանում միջոցառման մասնակցելու հրավիրատոմսեր, այլ թանգարաններ այցելելու տոմսեր, մարզպետի կողմից էլ որպես նվեր ստացան գրքեր:

 Թերևս, ամենակարևոր նվերը հետևյալն էր՝ ծրագրի շրջանակում դպրոցների ավելի քան 450 աշակերտ ծանոթացել է Խաչատուր Աբովյանի ստեղծագործություններին և կարդացել «Վերք Հայաստանի» վեպը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59