Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Խելացի քաղաք» ներդրումային ծրագրի վերաբերյալ
14.05.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին «Enterprise Armenia» (Ներդրումների աջակցման կենտրոն) hիմնադրամի ներկայացուցիչներ Վահագն Մուղնեցյանը, Անահիտ Կարապետյանը և «Խելացի քաղաք» ներդրումային ծրագրի ներդրող «Արմոն« ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը:
Քննարկումը վարում էր Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկա էին մարզի խոշոր քաղաքների համայնքապետարանների ներկայացուցիչներ:
Ներդրող Խաչատուր Սարգսյանը ներկայացրել է, որ իրենց առաջարկած ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզում ներդնել անվտանգության և վերահսկողության գերժամանակակից ավտոմատ համակարգեր, ստեղծել դիտակետեր, վերահսկման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական էկրանների համակարգեր:
Վերջինիս ներկայացմամբ՝ նշված համակարգերը հնարավորություն կտան տվյալների հավաքագրման արդյունքում վերահսկել և կառավարել քաղաքի երթևեկությունը, բարձրացնել երթևեկության անվտանգությունը, գրանցել ճանապարհային խախտումներն ու պատահարները, որոնել անհրաժեշտ տրանսպորտային միջոցները և օժանդակել շտապ բուժօգնության ծառայության աշխատանքներին:
Ներդրումային ծրագիրը համակարգում է «Enterprise Armenia» (Ներդրումների աջակցման կենտրոն) hիմնադրամը:
Ողջունելով բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ Կոտայքի մարզում նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացումը՝ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, այնուամենայնիվ, հետաքրքրվել է մի շարք խորքային հարցերից և դրանց լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունից:
Մարզպետն առաջարկել է մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների և համայնքապետարանների համագործակցությամբ քննարկումներ իրականացնել՝ ծրագրի նպատակահարմարության և իրատեսության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով: