Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի քաղաքային համայնքների ղեկավարների հետ
11.05.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների լիարժեք կազմակերպմանն ու ենթակառուցվածքների թույլտվությունների ստացմանն առնչվող հարցեր:
Հաշվի առնելով, որ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգը երկու մարզերում դեռևս չի գործում և ընկերությունն այժմ չի կարող ինքնուրույն, իր գործունեության արդյունքում ձևավորվող սեփական միջոցների հաշվին լիարժեք աշխատել, ընկերության պահպանման ծախսերի հոգածության անհրաժեշտություն է առաջանում հիմնադիրների կողմից։
Մարզպետը համայնքների ղեկավարներին կոչ է արել սահմանված ժամկետներում ընկերության հիմնադրման պայմանագրով նախատեսված հոգալ ընկերության գործունեության և պահպանման ծախսերը՝ մինչև ծրագրի լիարժեք գործելը։
Հանդիպմանը քննարկվել են աղբավայրի կառուցման ժամանակ առաջացող խնդիրների լուծմանն առնչվող այլ հարցեր ևս:
Նշենք, որ աղբավայրի և աղբի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Աղբավայրը լինելու է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։