Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում կտնկվի 10 հազար տնկի
16.04.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։
Կոտայքի մարզին կտրամադրվի 10.000 տնկի։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
ℹ Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու համապետական ծառատունկին Կոտայքի մարզում, կարող են դիմել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն։