Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Պռոշյան և Քասախ համայնքներում էր
02.04.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներում շարունակվում են:
Այսօր մարզպետը Պռոշյան և Քասախ համայնքներում էր:
Այցի օրակարգում համայնքային խնդիրներն են, կատարված և նախատեսվող աշխատանքները:
Պռոշյան համայնքում Մեսրոպ Մեսրոպյանի այցը մեկնարկել է Արցախյան պատերազմներում զոհված հերոսներին նվիրված «Զորաց» պանթեոնից, որտեղ մարզպետը ծաղիկներ է խոնարհել ընկած հայորդիների շիրիմներին:
Այնուհետև մարզպետ Մեսրոպյանը Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մշակույթի կենտրոնում, որը երկար տարիներ չէր գործում և հիմնանորոգվել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, գույքի ձեռքբերումից հետո առաջիկայում կենտրոնը մասնակիորեն շահագործման կհանձնվի:
Պռոշյանում մարզպետը եղել է նաև համայնքային մանկապարտեզում, ծանոթացել համավարակի պայմաններում կրթօջախի գործունեությանը:
Մարզի ղեկավարը հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրթօջախի գործունեության անընդհատությունն ապահովելու համար:
Նշենք, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Պռոշյանում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ:
Ընթացիկ տարում համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել 4 ծրագրային հայտ՝ գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցում:
Աշխատանքային այցի շրջանակում մարզի ղեկավարը եղել է նաև Քասախ համայնքում, խորհրդակցություն անցկացրել համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների հետ:
Մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է համայնքում, ծանոթացել իրականացված և նախատեսվող ծրագրերին:
Նշենք, որ ընթացիկ տարում համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել սուբվենցիոն 4 ծրագրային հայտ, որոնցով նախատեսում են իրականացնել գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման համակարգի կառուցում և հասարակական շենքերի կառուցում, վերանորոգում: