Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներում էր
31.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներ:
Մարզի ղեկավարը հանդիպումներ է անցկացրել համայնքի ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել համայնքներում կատարված և նախատեսված աշխատանքներին, առկա խնդիրներին:
Նոր Գեղիում մարզի ղեկավարը հետևել է սուբվենցիոն ծրագրով 3-րդ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարությունը սկսվել է անցած տարի, սակայն, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, աշխատանքները կանգ էին առել:
Մարզպետին վստահեցվել է, որ առաջիկա ամիսներին կրթօջախն ամբողջովին պատրաստ կլինի շահագործման: Մեսրոպ Մեսրոպյանն էլ իր հերթին շեշտել է շինարարության բարձրակարգ իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով մարզպետարանի պատասխանատուներին խստագույնս հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Համայնքում մարզպետը ծանոթացել է նաև Կառավարության աջակցությամբ իրականացված ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի ու տանիքների նորոգման, լուսավորության համակարգի անցկացման, ֆոտովոլտային կայանի տեղադրման և կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքներին:
Ընթացիկ տարում Նոր Գեղիից սուբվենցիաներ ստանալու համար ներկայացվել են հետևյալ ծրագրային հայտերը՝ համայնքային մանկապատանեկան սպորտային կոմպլեքսի և ֆուտբոլային դաշտի, համայնքային կենտրոնի և հանդիսությունների սրահի, ինչպես նաև հուշայգու կառուցում, աղբատար մեքենայի և աղբամանների ձեռքբերում, ներհամայնքային փողոցների սալիկապատում։
Նոր Գեղիում մարզպետն այցելել է նաև Ցոլակ Խաչատրյանի անվան մշակութային կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին: Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է մարզպետարան-համայնք համատեղ աշխատանքի արդյունքում ակտիվացնել համայնքի մշակութային կյանքը:
Մարզպետի այցի հաջորդ կանգառն Արգել համայնքում էր: Այստեղ վերջինս ծանոթացել է մսուր-մանկապարտեզի մասնակի վերանորոգման և կահավորման աշխատանքներին. ծրագիրը կրկին կյանքի է կոչվել Կառավարության տրամադրած սուբվենցիայի շրջանակում: Մարզպետին ներկայացրել են, որ 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կրկին կվերաբացվի առաջիկա օրերին:
Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ կրթօջախ այցելելու հնարավորություն կունենա 60 երեխա: Մարզի ղեկավարն ընդգծել է համավարակի պայմաններում Կառավարության կողմից հաստատված կանոնների խիստ պահպանման անհրաժեշտությունը, որի արդյունքում կխուսափենք հիվանդության առավել տարածումից և մանկապարտեզների աշխատանքների կրկին դադարումից:
Արգելում այս տարի սուբվենցիոն 1 ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության հաստատմանը. նախատեսում են բարեկարգել առավել վթարային վիճակում գտնվող բազմաբնակարան մեկ շենքի տանիքն ու մուտքերը: Արգելում մարզպետը նույնպես այցելել է մշակույթի տուն, շրջել համայնքում, ծանոթացել առկա խնդիրներին:
Քարաշամբ այցի ընթացքում էլ մարզպետ Մեսրոպյանին ներկայացվել է, որ 2020 թվականին Կառավարության աջակցությամբ ասֆալտապատվել է 306 մետր երկարությամբ ներհամայնքային նշանակության ճանապարհահատված: Այս տարի համայնքից Կառավարությանն է ներկայացվել մեկ ծրագրային հայտ, որով նախատեսում են էներգախնայող լեդ լուսատուներով լուսավորել ներհամայանքային փողոցները:
Այնուհետև մարզպետն ուղևորվել է Թեղենիք: Այստեղ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել են ներհամայնքային փողոցները:
Թեղենիքում այս տարի կրկին Կառավարության աջակցությամբ ցանկանում են վերանորոգել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհվածների հուշարձանը, համայնքային կենտրոնի շենքը և գազաֆիկացնել համայնքի նոր թաղամասը: Ծրագրային հայտերն արդեն Կառավարությունում են:
Համայնքում մարզպետն այցելել է նաև դպրոց, ծանոթացել կրթօջախի շենքային պայմաններին և համավարակի ժամանակ կրթական գործընթացի կազմակերպմանը:
Թեղենիքում Մեսրոպ Մեսրոպյանը եղել է նաև Սրբոց Նահատակաց եկեղեցում, կատարել մոմավառություն: