Նորություններ
Լրահոս
«Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր» թեմայով քննարկում է կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում
19.03.2021
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ «Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր» թեմայով հանդիպում է կազմակերպել մարզպետարանում, որն անցկացրել է կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Աղաբեկյանը:
Հանդիպումը նախատեսված էր մարզում գործող հասարակական (հատկապես առողջապահական, սոցիալական ուղղվածության) կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ հանդիպման նպատակը ոլորտում առկա խնդիրների վերհանումը, սեռական բռնության դրսևորումների պարագայում շահառուներին առաջին արձագանքման մեխանիզմերի մասին իրազեկումը և գրագետ ուղղորդումն էր:
Կազմակերպիչները նշել են, որ վերապատրաստված մասնագետների առկայության պարագայում դեպքերի բացահայտումը և ուղղորդումը, ինչպես նաև համապատասխան աջակցության տրամադրումը դառնում է առավել հավանական, ինչը նպաստում է նաև շահառուին անմիջականորեն աջակցություն տրամադրելու հնարավորության ստեղծմանը, ապա նաև նման դեպքերի մասին մարզային կառույցներում իրազեկման բարձրացմանը: