Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներ
18.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներում՝ ծանոթանալով համայնքային խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Գեղաշենի համայնքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը մարզպետին է ներկայացրել նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը:
2020 թվականի ընթացքում Գեղաշենում սուբվենցիոն 5 ծրագիր է կյանքի կոչվել՝ 2-րդ թաղամասի գազաֆիկացում, խմելու ջրի առկա ջրամբարի և հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցների վերակառուցում, կենտրոնական ջրատարի վրա մարիչի՝ ջրամբար/հորի կառուցում, մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի անցկացում, որի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են և մշակույթի տան, երաժշտական դպրոցի գազաֆիկացում, լոկալ ջեռուցման համակարգի անցկացում:
Այցի շրջանակներում Գեղաշեն համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորակառույց մանկապարտեզի և մշակույթի տան տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Նշենք, որ Գեղաշեն համայնքում երբևէ մանկապարտեզ չի գործել: Նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Գույքի ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման: Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար:
Մշակույթի տանը մարզպետը ծանոթացել է նորաբաց «Արմաթ» լաբորատորիայի աշխատանքներին, շրջել նաև նույն կառույցում գործող լոֆթ ոճի գրադարանում, որտեղ ստեղծվել են բոլոր պայմաններն ընթերցանությամբ զբաղվելու, սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնելու, համայնքում մշակութային կյանքն աշխուժացնելու համար:
Գեղաշենից ընթացիկ տարում ներկայացվել են ևս 4 սուբվենցիոն ծրագրեր, որով նախատեսում են տեղադրել արևային կայաններ, գազաֆիկացնել ներհամայնքային թաղամասը, անցկացնել գիշերային լուսավորություն, որի արդյունքում համայնքն 100%-ով կլուսավորվի, ինչպես նաև արդիականացնել ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը: Այս համայնքում մարզպետն այցելել է նաև գյուղատնտես Անդրանիկ Դավթյանի անասնաֆերմա, ծանոթացել աշխատանքների ծավալին։
Ֆերմերը մարզպետ Մեսրոպյանին ներկայացրել է, որ ունի 650 խոշոր եղջերավոր։ Ֆերմայում աշխատում է 20 աշխատող։ Անդրանիկ Դավթյանը մի քանի տարի է՝ օգտվում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրից։
Կաթնաղբյուր համայնքում էլ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Կառավարության` «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում կառուցվող դպրոցի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարի։
Մարզպետը հորդորել է շինարարությունն իրականացնել չափորոշիչներին համապատասխան, ավարտել՝ սահմանված ժամկետներում։ Համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը մարզպետին ներկայացրել է նաև, որ անցյալ տարի Կաթնաղբյուրում սուբվենցիոն ծրագրով անցկացրել են ոռոգման ցանց, իսկ այս տարի ներկայացրել են մեկ սուբվենցիոն ծրագրային հայտ, որով նախատեսում են ասֆալտապատել ներհամայնքային ճանապարհահատվածները։