Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն Արամուս, Կամարիս, Մայակովսկի համայնքներում էր

18.03.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է նաև մարզի Արամուս, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Մարզպետին ուղեկցել են համայնքի ղեկավարները, իր խորհրդականներն ու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները։

 Մեսրոպ Մեսրոպյանի այցի առաջին կանգառն Արամուս համայնքում էր, որտեղ առաջին անգամ Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ։ Շինհրապարակում մարզի ղեկավարին ներկայացրել են, որ նախատեսում են մանկապարտեզի շինարարությունն ավարտել օգոստոսին։

 Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:

Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կգործի ժամանակակից լուծումներով մանկապարտեզ 50 փոքրիկների համար։ Նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Բարեկարգվում է նաև շենքի բակային հատվածը։

Մարզպետն այցելել է նաև համայնքի մանկապարտեզ և մշակույթի տուն, ծանոթացել կրթօջախների գործունեությանն ու առկա խնդիրներին։

Արամուս համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև, որ այս տարի համայնքից սուբվենցիա ստանալու համար 2 ծրագրային հայտ է ներկայացվել՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատում և գիշերային լուսավորության անցկացում։

Արամուսից մարզպետն ուղևորվել է Կամարիս համայնք, այցելել ելակի, ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգի: Մարզպետը շրջել է ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել արտադրական ծավալին ու հզորություններին։ Ներկայացնելով «Ռոք Բերի» ՍՊԸ ընթացիկ և զարգացման ծրագրերը՝ գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ 5 հա ելակի ջերմատնային համալիրի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2018 թ., շահագործման է հանձնվել 2019թ-ին։ Ընկերությունն ունի 149 աշխատակից, նոր ջերմատուն հիմնելու ծրագիր կա, որի արդյունքում կբացվեն նոր աշխատատեղեր։ Տնօրենի խոսքով՝ հիմնական բերքը արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, որոշ մասը սպառում են հայկական շուկայում։

Ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվել է նաև դեպի այս ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ Կամարիսում նախորդ տարի պետական աջակցությամբ 3 սուբվենցիոն ծրագիր է մեկնարկել, որոնցից մեկով իրականացվել են փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում Կամարիսում տեղադրվել են 260 լեդ լուսատուներ, լուսավորվել են շուրջ 8 կմ տարածք ընդգրկող համայնքային փողոցներ։ Բացի դրանից, սուբվենցիոն ծրագրերով կապիտալ ասֆալտապատվել է ավելի քան 2 կմ երկարության ներհամայնքային ճանապարհահատված, որը երբևէ վերանորոգման չէր ենթարկվել։ Պայմանավորված պատերազմով՝ ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս տարի։ Համայնքում անց է կացվել նաև 1,2 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ, փոխվել է 2400 մետր խողովակաշար։ Ջրագծերը 70-ական թվականների էր և երբևէ չէր արդիականացվել: Սպասարկելու է 250-300 տնտեսության: Ընթացիկ տարում համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 3 սուբվենցիոն ծրագրային հայտ, որոնք հաստատվելուց հետո նախատեսվում են համայնքում իրականացնել գազաֆիկացման աշխատանքներ, կառուցել ջրամատակարարման, ջրահեռացման համակարգ և անցկացնել գիշերային լուսավորություն, որով համայնքում ամբողջությամբ կլուծվի լուսավորության խնդիրը։

Մեսրոպ Մեսրոպյանն այուհետև այցելել է Մայակովսկի համայնք, որտեղ վերջինիս ներկայացրել են կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Այստեղ մարզպետը ծանոթացել է մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման և բակային հատվածի բարեկարգման աշխատանքներին։ Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ: 90-ականներից համայնքում մանկապարտեզ չի գործել: Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջովին կահավորել մանկապարտեզը, որից հետո այն շահագործման կհանձնվի։ Մանկապարտեզը գործելու է երեք խմբով՝ նախատեսված ավելի քան 90 փոքրիկների համար։ Բացի այդ, ընթացիկ տարում համայնքից ներկայացվել է ևս մեկ սուբվենցիոն ծրագրային հայտ, որով նախատեսում են ասֆալտապատել ներհամայնքային փողոցները։

Համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել նաև քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22