Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Առինջ, Բալահովիտ, Գետարգել Պտղնի և Վերին Պտղնի համայնքներում էր

12.03.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շարունակում է համայնքային շրջայցերը:

 Մարզպետն այսօր այցելել է Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Պտղնի և Վերին Պտղնի համայնքներ, ծանոթացել համայնքային խնդիրներին, կատարած և առաջիկայում նախատեսված աշխատանքներին:

Մարզպետի այցի առաջին կանգառն Առինջում էր:

 Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ 2020 թվականին Առինջում կյանքի է կոչվել սուբվենցիոն 3 ծրագիր՝ Գ թաղամասի գազաֆիկացում, լուսավորության համակարգի անցկացում և ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։ Պայմանավորված պատերազմով՝ ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս տարի։

 Նախորդ տարի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել նաև համայնքային միջոցներով և բնակիչների աջակցությամբ։

 2021 թվականին համայնքից 200 մլն ՀՀ դրամի սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության հաստատմանը. Նախատեսում են լուսավորել համայնքային ևս մի քանի փողոց: Սեփական միջոցների հաշվին համայնքում կգազաֆիկացվի ևս մեկ թաղամաս, կկառուցվի այգի, ձեռք կբերվի աղբատար և կոյուղին մաքրող մեքենա, ինչպես նաև կփոխվի համայնքի 1-ին փողոցի խնդրահարույց կոյուղագիծը։

 Առինջում մարզպետ Մեսրոպյանը շրջել է դպրոցում և մշակույթի տանը, ծանոթացել շենքային պայմաններին և կորոնավիրուսային համավարակի պայմաններում դասապրոցեսների կազմակերպմանը։
Մարզպետը հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որի շնորհիվ միայն կարող ենք ապահովել դասապրոցեսի անընդհատությունը:

 Մեսրոպ Մեսրոպյանի այցի հաջորդ կանգառը Բալահովիտ համայնքում էր: Ինչպես ներկայացրել է համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը, Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն երկու ծրագրերով Բալահովիտ համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ (շուրջ 500 գծամետր) և անց է կացվել գիշերային լուսավորության համակարգ: Եվս մեկ ծրագիր՝ նոր մանկապարտեզի շենքի կառուցում, տեղափոխվել է այս տարի: Կառավարության կողմից հաստատվելուց հետո այն կիրականացվի:

 Գետարգել համայնքում Մեսրոպ Մեսրոպյանը շրջել է համայնաքետարանի շենքում, որը մասնակի վերանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Համայնքի ղեկավար Արսեն Կարապետյանի ներկայացմամբ՝ համայնքը 2021թ-ին մեկ սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել, որով նախատեսում են իրականացնել միջհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ։

 Պտղնի համայնքում 2020 թվականին իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր՝ մշակույթի տան վերանորոգում և ջրագծի անցկացում։
Համայնքապետ Առաքել Վիրաբյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում համայնքից ներկայացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ՝ 8 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել ներհամայնքային փողոցները։

 Համայնքը գրեթե ապահովված է գիշերային լուսավորության համակարգով։ Այս տարի ևս մեկ փողոցում կանցկացվի գիշերային լուսավորության ցանց և համայնքի լուսավորության հարցն ամբողջությամբ կլուծվի:

 Վերին Պտղնի համայնքում էլ մարզպետին ներկայացվել է, որ 2020 թվականին համայնքում իրականագվել է սուբվենցիոն 3 ծրագիր, որոնցից ջրագծերի անցկացումն ու արևային կայանների տեղադրումն ավարտել են, իսկ մշակույթի տան կառուցման աշխատանքները տեղափոխվել են այս տարի։ Ընթացիկ տարում Վերին Պտղնի համայնքից սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որով նախատեսում են իրականացնել ներհամայնքային 1,2 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ:

 Համայնքի ղեկավար Գևորգ Պողոսյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում համայնքային միջոցներով ամբողջությամբ կկահավորվի և շահոգործման կհանձնվի մանկապարտեզը: Կրթական այս օջախը կառուցվել է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10