Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք, եղել համայնքի բոլոր բնակավայրերում
11.03.2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ակունք խոշորացված համայնքի Նոր Գյուղ, Կոտայք, Հատիս, Կապուտան, Զովաշեն, Սևաբերդ, Զառ և Ակունք բնակավայրեր։
Բնակավայրերում մարզպետին են ներկայացրել վերջին տարում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Նոր Գյուղում համայնքային միջոցներով հիմնանորոգվել է մշակույթի տունը, ասֆալտապատվել է բնակավայրի 11-րդ փողոցը, տեղադրվել են լեդ լուսատուներ, դպրոցին կից կառուցվել է տարեցների և երիտասարդների համար նախատեսված համայնքային կենտրոն, իրականացվել են շուրջ 300 մետր երկարությամբ կենտրոնական սելավատարի մաքրման աշխատանքներ։
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված էր բնակավայրի մանկապարտեզի կառուցում, սակայն ծրագիրը տեղափոխվել է այս տարի: Ընթացիկ տարում Նոր Գյուղից սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության հաստատմանը, որով նախատեսում են բնակավայրի փողոցների ասֆալտապատում։
Կոտայք բնակավայրում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով և համայնքային միջոցներով ասֆալտապատվել են շուրջ 430 մետր երկարության ներհամայնքային ճանապարհահատվածներ, 2021թ.-ի սուբվենցիայով նախատեսվում է ևս 350 մետր ճանապարհահատվածի մասնակի ասֆալտապատում:
Կապուտան բնակավայրում մարզպետը շրջել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցված մանկապարտեզի շենքում. այն նախատեսված է շուրջ 50 փոքրիկների համար: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ այս պահին աշխատանքներ են տարվում անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ։ Նախատեսում են մանկապարտեզը շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին, իսկ մինչ այդ գյուղի փոքրիկները հաճախում են Կոտայք բնակավայրի մանկապարտեզ:
Կապուտանում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով, ինչպես նաև համայնքի բյուջեով իրականացվել են շուրջ 650 մետր երկարության ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ. ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ևս Կապուտանում նախատեսվում է ճանապարհների ասֆալտապատում:
Այստեղ ամբողջությամբ արդիականացվել է նաև խմելու ջրի ցանցը, լուսավորված են նաև բնակավայրի կենտրոնական փողոցները:
Զառ բնակավայրում ընթացքիկ տարվա համար Կառավարություն է ներկայացվել սուբվենցիոն 2 ծրագրային հայտ։ Ծրագրերից մեկով նախատեսվում է վերանորոգել մշակույթի տունը, մյուսով՝ վարչական շենքի տանիքը։ Զառում համայնքային միջոցներով իրականացվել են ամենատարբեր աշխատանքներ՝ լուսավորության ցանցի անցկացում, խմելու ջրի ջրագծի դաշտամիջյան հատվածում խողովակի փոխարինում, խորքային հորի արդիականացում, դպրոցի պատուհանների փոխարինում և այլն։
Ակունք բնակավայրում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։ Ասֆալտապատումը շարունակական կլինի նաև այս տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով։
Ներկայացվել է նաև նոր աղբատար մեքենայի և աղբամանների ձեռքբերման սուբվենցիոն ծրագրային հայտ։
Նշենք, որ Ակունք համայնքը 2020 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել աղբատար մեքենա, աղբարկղեր, որոնք տեղադրվել են համայնքի բոլոր բնակավայրերում։ Զովաշենում բարերարի և համայնքի միջոցներով կառուցվել է համայնքային կենտրոն։ Այստեղ համայնքային միջոցներով ամբողջությամբ նորոգվել են խմելու ջրի ջրագծերը, տեղադրվել են հաշվիչներ, որոնք նպաստել են ջրի կորուստների նվազմանն ու ջրի արդյունավետ օգտագործմանը։ Հատիսում նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերով անցկացվել են խմելու ջրի ջրագծեր, կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, ինչպես նաև վերանորոգվել է վարչական շենքը, որտեղ գործում է գրադարանը, բուժամբուլատորիան։
Ավելացնենք նաև, որ 2020 թվականի ընթացքում ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում Ակունք համայնքը ձեռք է բերել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված շուրջ 13 միավոր տեխնիկական միջոցներ՝ անիվավոր տրակտոր, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ և այլն,:
Բնակավայրերում մարզպետը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։