Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հրազդանի համայնքապետարանում
26.02.2021
Գերհագեցած աշխատանքային օրվա ավարտին Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդակցություն է անցկացրել նաև Հրազդանի համայնքապետարանում՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ:
Քննարկվել են կատարված և առաջիկա անելիքները, առկա խնդիրները:
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ներկայացմամբ՝ անցյալ տարի Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կապիտալ ասֆալտապատվել է շուրջ 22.000 ք/մ ներհամայնքային ճանապարհահատված:
Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել և շահագործման են հանձնվել 25 չգործող վերելակներ:
Այս տարի Հրազդան համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել սուբվենցիոն 7 ծրագրային հայտ, որոնց հաստատման դեպքում ընթացիկ տարում ևս մարզկենտրոն Հրազդանում կշարունակվեն ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Այս տարի նախատեսված է նաև մեկ մանկապարտեզի կապիտալ նորոգման, պուրակի բարեկարգման, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման, գիշերային լուսավորության անցկացման աշխատանքների իրականացում:
Բացի սուբվենցիոն ծրագրերից, համայնքային միջոցներով և այլ ծրագրերով անցյալ տարի իրականացվել և այս տարի կշարունակվեն բազմաթիվ այլ ծրագրեր ևս՝ լուսավորության անցկացում, զբոսայգիների բարեկարգում, մանկապարտեզների ջեռուցում:
Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ համայնքի կայուն և համաչափ զարգացման գրավականը մշակույթի տների, նախադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և զբոսայգիների առկայությունն է, և մարզային իշխանությունների համատեղ ջանքերը պետք է ուղղվեն մարզի բացառապես բոլոր համայնքները այս կարևոր պայմաններով ապահովելուն: