Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Ծաղկաձոր համայնք
26.02.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Ծաղկաձոր համայնքում, անցկացրել խորհրդակցություն՝ քննարկելով համայնքում ընթացող և առաջիկայում նախատեսված աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Խորհրդակցությունից հետո համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի հետ մարզպետը շրջայց է կատարել մանկապարտեզում, ծանոթացել կորոնավիրուսային համավարակի պայմաններում կրթօջախի գործունեությանը:
Պայմանավորված համավարակով՝ այս պահին մանկապարտեզ է հաճախում 71 երեխա: Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ ապահովելով երեխաների անվտանգությունը:
Ի դեպ, մանկապարտեզի բակային տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով: Համայնքից այս տարի ներկայացվել է նաև մանկապարտեզի խաղահրապարակի կարուսելների ձեռքբերման ծրագրային հայտ:
Մարզպետը շրջել է նաև մանկապարտեզին կից կառուցվող արվեստի դպրոցի շինհրապարակում: Կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով: Մինչ շենքի կառուցումը, արվեստի դպրոցը գործում է մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախում է 67 սան:
Դպրոցի կառուցումը հնարավորություն կտա առավել շատ երեխաներ ընդգրկել տարբեր խմբակներում: