Նորություններ
Լրահոս
Ռուս դասական արձակ գրականությունը Կոտայքի մարզի աշակերտների ներկայացմամբ
24.02.2021
Այսօր Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կայացել է «Живая классика» խորագրով արձակ ստեղծագործության ասմունքի միջազգային պատանեկան մրցույթի Կոտայքի մարզային փուլը, որին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ենթակայության դպրոցների 21 աշակերտներ:
Նրանք չորս րոպեի սահմաններում (նաև ընթերցելով) ներկայացրել են հատվածներ ռուս դասական գրողների արձակ ստեղծագործություններից:
Մարզային լսումների արդյունքում հաղթող են ճանաչվել և մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորվել Կոտայքի մարզի Քասախի Ռ.Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Մելքումյանը և Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Լևոն Օգանեզովը:
Մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչված երեք պատանի ասմունքողները կպարգևատրվեն «Արտեկ» միջազգային կենտրոնի ուղեգրով:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է ՌԴ Լուսավորության նախարարության, ԱՊՀ գործերով Դաշնային գործակալության, Միջազգային հումանիտար համագործակցության («Россотрудничество»), Գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի և մի շարք կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցությամբ: