Նորություններ
Լրահոս
Գեղաշենի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտեցել
22.02.2021
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:
Նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ արդեն 2020 թվականի սուբվենցիայով իրականացվում են բակային հատվածի կառուցման և ինժեներական ցանցի անցկացման աշխատանքներ:
Գեղաշենի համայնքապետարանից հայտնել են, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ շինաշխատանքները տեղափոխվել են այս տարի և ամենամոտ ապագայում կավարտվեն:
Ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է բակային տարածքը. կառուցվում է ցանկապատ, խաղահրապարակ, որից հետո կիրականացվի կանաչապատում:
Ի դեպ, մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Գույքի ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:
Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար: