Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կհամագործակցեն. կրթական մի շարք ծրագրեր են նախատեսվում

29.01.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին և թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանին։

 Վերջիններս մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզում մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու նախագծեր ունեն։ Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն հայ ականավոր գրողի տուն-թանգարան, որտեղ կծանոթանան Խ․ Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և ոչ միայն։

 Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հույս է հայտնել, որ սա մարզպետարանի և թանգարանի միջև համագործակցության միայն սկիզբն է, նմանօրինակ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ ի նպաստ երեխաների կրթության և զարգացման։

 «Պետք է հասնենք ծրագրի իրական նպատակին։ Երեխաները ճանաչեն Խաչատուր Աբովյանին բազմակողմանի, ոչ միայն որպես գրող։ Այս ծրագրերը չպետք է որպես ժամանց լինեն, պետք է անենք այնպես, որ մարդիկ երազեն նորից հանդիպել միմյանց Աբովյանի տուն-թանգարանի այգում»,- շեշտել է մարզպետ Մեսրոպյանը։

 Սյուզաննա Խոջամիրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին համագործակցության համար՝ նշելով, որ պատրաստ են ներուժի չափով անել ամենը՝ վերոնշյալ ծրագրերի բուն նպատակի իրագործման համար։

 «Փորձելու ենք Աբովյանի միջոցով դպրոցականներին կապել գրականությանը, պատմությանը, հայրենիքին»,- ասել է տուն-թանգարանի տնօրենը։

 Հանդիպմանը ներկա մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանն ու մշակույթի բաժնի պետ Արայիկ Սիմոնյանը ներկայացրել են իրենց առաջարկները։ Մարզպետի հանձնարարությամբ՝ վերջիններս կսերտացնեն համագործակցությունը թանգարանի աշխատակիցների հետ՝ առաջիկա ամիսներին նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16