Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը այցելել է Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն

21.01.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անի Չիլինգարյանի հետ այցելել է Հրազդան քաղաքում գործող և Կոտայքում իր գործունեության բնույթով միակը համարվող Երեխաների աջակցության հիմնադրամի կողմից ստեղծված Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն:

 Կենտրոնի տնօրեն Կամո Առաքելյանի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մովսես Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է խնամքի կենտրոնում, ծանոթացել կազմակերպության գործունեությանը:

 Կենտրոնը ստեղծվել է 2014 թվականին՝ հաշմանդամություն և հատուկ կարիք ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և զարգացման նպատակով:

 Մինչև 2018 թվականը գործել է տարբեր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ, իսկ արդեն 2018 թվականից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:

 Կամո Առաքելյանը մարզպետին ծանոթացրել է գործող խմբակներում երեխաների հետ տարվող աշխատանքներին: Դրանք, ըստ կարիքի և անհրաժեշտության, ամենատարբեր թերապիաներից մինչև խոսքի, մտքի զարգացման ծառայությունների մատուցումն է և սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրերի իրականացումը:

 Բացառապես անվճար հիմունքներով 146 երեխաների հետ զարգացման խմբակներում աշխատում են 11 մասնագետներ՝ հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, լոգոպետ, սոցիալական աշխատող, ֆիզիոթերապիստ, արտթերապիստներ և այլ մասնագետներ:

 Անդրադառնալով կենտրոն հաճախող երեխաների խնամքի և զարգացման առանձնահատկություներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նախ շնորհակալություն է հայտնել իրականացվող ծրագրերի ծավալի համար, ապա նշել, որ մարզպետարանի ու կենտրոնի կապը միայն այցերով չպետք է սահմանափակվի, այլ համագործակցությունը պետք է էլ ավելի ամրապնդվի՝ ի շահ մեր երեխաների բարօրության և կյանքի որակի փոփոխության:

 Այցի ավարտին կենտրոնի փոքրիկները մարզպետին են փոխանցել իրենց պատրաստած ձեռագործ նվերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22