Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Կոտայքի մարզային կառույցի աշխատակազմի հետ
20.01.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հագեցած օրակարգով աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Կոտայքի մարզային կառույցի աշխատակազմի հետ. ներկայացվել են 2020 թվականին կատարված աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, Ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչներ, մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև համայնքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին և քննարկելով 2020 թվականի ընթացքում հատկապես պատերազմական իրավիճակով պայմանավորված ոլորտային խնդիրների խորությունը՝ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է, որ Կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված փոխգործակցության շրջանակներում պետք է անել հնարավորը՝ առանցքային համարվող բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծման ուղղությամբ:
2020 թվականի ընթացքում մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ է հանդես եկել ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը:
Անդրադառնալով COVID-19-ի վարակով պայմանավորված մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությանն ու պատերազմական իրավիճակով պայմանավորված ռազմական դրությանը՝ Ա. Ամիրջանյանը նշել է, որ կառույցն աշխատել է ողջ թափով՝ փորձելով հնարավորինս արագ ու շահավետ ծառայել ազգաբնակչությանը:
Վերջինս ներկայացրել է նաև առկա բացերը, ոլորտային խնդիրներն ու այս համատեքստում ընդգծել մարզում առկա ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների վերանորոգման, անհրաժեշտ չափորոշիչների համապատասխանեցման, ազդարարման համակարգերի և սարքավորումների արդիականացման անհրաժեշտությունը:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և շեշտել մարզպետարան-ԱԻՆ կառույցների աշխատակիցների հանդիպումներն առավել հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: