Նորություններ
Լրահոս
Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվում են մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ
29.12.2020
Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում այս տարի Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մեկնարկել են մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցների կառուցման աշխատանքները:
Կաթնաղբյուրում դպրոցի շենքի կառուցման նպատակով ընտրվել է նոր տարածք, իսկ Ջրառատում այն կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում:
Այս պահին դեռ իրականացվել են հիմքերի փորման աշխատանքներ:
Մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:
Նշենք, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեր մարզում արդեն հաջորդ տարի կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ` Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:
Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:
Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: