Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Մեղրաձոր համայնքի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը
28.12.2020
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Մեղրաձոր համայնքի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությանը:
Ողջունելով հյուրերին, դպրոցի անձնակազմին և աշակերտներին այս կարևոր ձեռնարկի առիթով և հատկապես դպրոցական վաղ տարիքում կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է.
«Պիտի հորդորեմ ձեզ անել հնարավորը, որպեսզի սկսված գործը իր բովանդակային իմաստից չշեղվի, որպեսզի մենք ամենամոտ ապագայում շոշափելի արդյունքներ և հաջողություններ արձանագրենք, որոնք ուղղակիորեն պիտի ազդեն մեր երեխաների կրթական մակարդակի բարձրացմանը»:
Մարզպետը հետաքրքրվել է նաև ծրագրի շարունակականության և դրան խոչընդոտող խնդիրներից՝ վստահեցնելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել Կոտայքի մարզում Արմաթ լաբորատորիաների կայացմանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Հարությունյանը, Մեղրաձոր Գոլդ ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ, հյուրեր:
Մեղրաձորի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է դպրոց-համայնք-Մեղրաձոր Գոլդ ՍՊԸ և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միություն համագործակցության արդյունքում:
Ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում: Սրանք ծրագրի փուլային առաջնահերթություններն են:
Նշենք, որ այս պահին Կոտայքի մարզում գործում են 19 լաբորատորիաներ:
Ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունից հետո մարզպետը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջել է հաստատության տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դիտարկել նաև խնդիրները: